2015 թվականի ձեռքբերումը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով 2015 թվականի ձեռքբերումներին։

«Տնտեսական առումով  չեմ կարող ասել, որ ունեցանք ձեռքբերումներ։ Իսկ քաղաքական առումով ունենք ձեռքբերումներ, օրինակ ԵՏՄ-ին անդամակցությունը, դրա շրջանակում ակտիվ դերակատարությունը քաղաքական դիվիդենտների տեսակետից»,-ասաց Զաքարյանը։

Անդրադառնալով ընդդիմախոսների այն պնդումներին, որ ԵՏՄ-ին անդամակցությունը իշխանությունը պայմանավորում էր անվտանգության ուժեղացմամբ, սակայն սահմանային լարվածությունն ավելի ուժեղացավ, իսկ ՀԱՊԿ-ն այդպես էլ որեւէ կերպ չաջակցեց Հայաստանին, Զաքարյանը նշեց. «Նայած թե ով ինչպես է ընկալում անվտանգությունը։ ՀՀ անվտանգությունը երաշխավորում են ՀՀ զինված ուժերը։ Եվրասիական տնտեսություն մտնելով՝ ավելի սերտացան հայ-ռուսական հարաբերությունները եւ Հայաստանի դերը ՀԱՊԿ համակարգում, իսկ սահմանին զոհեր մենք միշտ ունեցել ենք։ Ինչ ենք ակնկալում ՀԱՊԿ-ից, որ ղազախական զորքերը  գան կանգնեն սահմանի՞ն։ Այո, ՀԱՊԿ-ից մենք ակնկալում ենք քաղաքական  աջակցություն, բայց նույնիսկ այդ աջակցությունն ունենալու պահին Ադրբեջանը շարունակում է կրակել։ ԱՄՆ-ն անընդհատ խաղաղ կարգավորման կոչ է անում, բայց ի՞նչ է անում Ադրբեջանը, շարունակում է կրակել»:

Մեր հարցին, թե  ձեռքբերում համարո՞ւմ են տարեսկզբին իշխանափոխություն խոստացած ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի ջլատումը, Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելը, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «ԲՀԿ-ն չէր կարող իշխանափոխություն  իրականացնել, կարող էր ապականել քաղաքական դաշտը  իր գործողություններով։ Ես ապականել ասելով՝ նկատի ունեմ ներքին կայունության խաթարման տեսակետից, եւ դա կարող էր Հայաստանի համար լրացուցիչ խնդիրներ առաջացնել։  Ինչը մեր գործընկերները հասկացան եւ ժամանակին  կասեցրին իրենց գործողություններն ու վերադարձան քաղաքական դաշտ»: