Մարիխուանայի սինթետիկ նմանօրինակի՝ սփայսի շրջանառությունը, ՀՀ-ում առաջին անգամ նկատվել է 2013թ.:
Նոր սերնդի սինթետիկ թմրամիջոցի մեծաքանակ արտադրության երկիրն է Չինաստանը, այն վերջին տարիներին սկսել է տարածվել մեր տարածաշրջանում: Սփայսը Հայաստան է ներթափանցում Թուրքիայից եւ Վրաստանից:
Թմրաբանները արձանագրում են՝ սփայսը, իր այսպես կոչված բնօրինակից` կանաբինոիդներից, տասնապատիկ ուժեղ ազդեցություն ունի: Այն ազդում է հատկապես կենտրոնական նյարդային համակարգի, ամբողջ օրգան-համակարգի եւ պոտենցիայի վրա:
«Այն առաջին հերթին ազդում է հոգեկան աշխարհի, ամբողջ օրգանիզմի, լյարդի եւ սրտի վրա: Անձը փոխվում է, դառնում է եսասեր, քծնող, ստախոս, ծույլ, առաջացնում է հալուցինացիաներ, տեսիլքներ»,-ասում է թմրաբան Մկրտիչ Խաչատրյանը:
Մեկ անգամ սփայս օգտագործած երիտասարդն ասում է՝ այլեւս երբեք չեմ փորձի այն, մահվան դուռն եմ հասել:
«Սկզբում լավ էր, հետո ամեն ինչ լողում էր, հստակ պատկերները չէի տեսնում, ոնց որ անընդհատ անդունդն ընկնեի, գլուխս մի տեղ խփեի, հետո վատացա, փսխեցի, ուշաթափվեցի: Էլ երբեք մի մուխ անգամ չեմ քաշի»,- ասում է սփայսի հրեշավոր ազդեցությունն իր վրա զգացած երիտասարդը:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետբաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյանի խոսքով՝ սփայսի բաղադրության արագ փոփոխության հետեւանքով դժվար է այն հայտնաբերելը:
«Սփայսի հայտնաբերման հետ կապված խնդիրներ կան, քանի որ դրա քիմիական ֆորմուլաները արագ են փոփոխվում: Փաստորեն ստացվում է այնպես, որ դրանք գրանցված չեն լինում մեր արգելված թմրամիջոցների ցուցակներում ու ըստ այդմ էլ, հիմնականում, երբ հայտնաբերվում են, դրանք թմրամիջոց չեն համարվում»,-ասում է ԿՀԴՊԳՎ բաժանմունքի պետը:
Վաչե Հովսեփյանն ասում է` որպեսզի սփայսը Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոց համարվի, նյութը պետք է ընդգրկված լինի Քրեական օրենսգրքին կից հավելվածների ցանկում՝ որպես արգելված թմրամիջոց: Ըստ Հովսեփյանի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սփայս թմրամիջոցը չեն կարողանում իրավական դաշտ բերել, եւ դրա օգտագործումը քրեորեն պատժելի արարք դարձնել, կրկին դրա բաղադրության արագ փոփոխվելու պատճառով:
«Հայտնաբերվեց նյութ, որը մենք անվանում ենք սփայս, այսինքն գիտենք, որ ինքը այդ ազդեցությունն ունենում է մարդու վրա, ինքը սփայս է, բայց ուղարկվում է փորձաքննության, պարզվում է, որ դրանք մեր ցուցակներում առկա չեն որպես թմրամիջոց: Այ սա է սփայսի հիմնական պրոբլեմը, որի դեմ աշխատում ենք, անընդհատ ցուցակները թարմացվում են, առաջարկություններ են արվում, որպեսզի մտցվի Ազգային ժողովի օրակարգ: Մինչեւ մտնում է Ազգային ժողովի օրակարգ, արդեն նոր տեսակներն են ի հայտ գալիս, դրանց ֆորմուլան հեշտ է փոխվում: Դա հենց այն խնդիրն է, որի շուրջ ամբողջ աշխարհում չեն կարողանում օպտիմալ լուծում գտնել»,- ասում է ԿՀԴՊԳՎ բաժանմունքի պետը:
Ըստ Վաչե Հովսեփյանի՝ այս տարի հայտնաբերված սփայս տեսակի նյութերից 3-ն են ընդգրկված եղել ՔՕ հավելվածներով սահամանված ապօրինի շրջանառվող թմրամիջոցների ցանկում, ընդհանուր առմամբ՝ առգրավվումը կազմել է մոտ 1.5 գրամ: Մինչդեռ նախորդ տարի հայտնաբերված նյութերից ոչ մեկն ընդգրկված չի եղել արգելված թմրամիջոցների ցանկում:
ԿՀԴՊԳՎ բաժանմունքի պետի խոսքով՝ Հայաստանում 2015թ. 9 ամիսների տվյալներով թմրանյութեր օգտագործողների ընդհանուր թվի 13 տոկոսն է սինթետիկ թմրամիջոցներ օգտագործում, նախորդ տարվա 6 տոկոսի համեմատությամբ:
Սինթետիկ թմրամիջոցների ազդեցությունը տասնապատիկ է, բացասական հետեւանքները` էլ ավելի։
Թմրաբան Անահիտ Հովհաննիսյանը նշում է, որ դրա հետեւանքները նույնիսկ բժշկական միջամտությամբ հնարավոր չէ լիովին վերացնել, դրա կործանարար ազդեցությունը օրգանիզմի վրա ամբողջ կյանքի համար է:




























