ԱՄՆ-ն շարունակում է սպառազինությունների համաշխարհային շուկայի առաջատարը մնալ: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Կոնգրես ներկայացված զեկույցը:
2014 թվականին Ամերիկան սպառազինությունների վաճառքից 36.2 մլրդ դոլար է վաստակել, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 9.5 մլրդ-ով: Շուկայում երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 10.2 մլրդ դոլարով, եռյակը եզրափակում է Շվեդիան՝ 5.5 մլրդ դոլարով: Առաջատարների հնգյակում են նաեւ Ֆրանսիան եւ Չինաստանը՝ համապատասխանաբար, 4.4 եւ 2.2 մլրդ դոլարով:
Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Հարավային Կորեայի հետ ամերիկյան բազմամիլիարդանոց պայմանագրերը Վաշինգտոնին թույլ են տվել վերահսկել սպառազինությունների շուկայի 50%-ից ավելին: ԱՄՆ-ն օգտվել է նաեւ կորեական թերակղզում լարվածության աճից, ինչի հետեւանքով Սեուլը դարձել է ամերիկյան զենքի հիմնական գնորդը՝ դրա համար ծախսելով ավելի քան 7 մլրդ դոլար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Իրաքը զենք ներկրող երկրների վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ ամերիկյան զորքերի հեռանալուց հետո զինված ուժերը զինելու համար ծախսելով 7.3 մլրդ դոլար:
Երրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել է Բրազիլիան, որը նույնպես ակտիվորեն զբաղվում է իր բանակը վերազինելով. տպավորիչ 6.5 մլրդ դոլար է ծախսվել շվեդական արտադրության ռազմական ինքնաթիռներ գնելու համար:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին աշխարհում 71.8 մլրդ դոլարի օրինական գործարք է կնքվել:
Դեկտեմբերի կեսին Խաղաղության խնդիրների հետազոտության Ստոքհոլմի միջազգային ինստիտուտի փորձագետները հանգել են եզրակացության, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունն ավելացրել է զենքի վաճառքի ծավալները. 2014 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական կոնցեռնների ցանկում ռուսական 11 ընկերություն կա: Ընդ որում, ռուսական զենքի ներկրման ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Ասիայի եւ Օվկիանիայի երկրներին, ամենաակտիվ պատվիրատուները Հնդկաստանն ու Չինաստանն են:



























