Ամերիկյան հատուկ ջոկատն Իրաքի Քիրքուք քաղաքում բռնել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկին՝ Աբու Օմար աշ-Շիշանիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով EIN գործակալությունը:
Հատուկ ջոկատը գործողության ընթացքում ձերբակալել է նաեւ ԻՊ-ի երկու դաշտային հրամանատարների եւ ոչնչացրել 7 գրոհայինների: Երեք ահաբեկիչների տեղափոխել են Սուլեյմանիա քաղաք:
Լրատվամիջոցները բազմիցս տեղեկություն են տարածել աշ-Շիշանիի ոչնչացման մասին, որն ամեն անգամ հերքվել է:
Պաշտոնական տվյալներով, ԱՄՆ հատուկ ջոկատը Իրաքում է դեկտեմբերի 21-ից: Այն ժամանակ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել էր, որ այդ ստորաբաժանումները «գաղտնի գործողություններ կիրականացնեն երկրի ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո»: Ստորաբաժնման թվաքանակը կազմում է 100 մարդ:
Աբու Օմար աշ-Շիշանին (իսկական անունը՝ Թարհան Բատիրաշվիլի) ծնվել է 1986 թվականին, Պանկիսի լեռնանցքի գյուղերից մեկում, ծառայել է վրացական բանակում, ավելի ուշ դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար: 2012-ին նա մեկնել է Թուրքիա, հետո մասնակցել Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական գործողությունների, դարձել ԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկը:




























