2015-ի ամենանշանակալի իրադարձությունը Ցեղասպանության 100-ամյակն էր, քանի որ հաջողվեց այն դարձնել համաշխարհային մակարդակի միջոցառում. շատ կարեւոր իրադարձություն էր  Հռոմի պապի Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն` ամփոփելով 2015 թվականը:

«Անցած տարվա բացասական կողմը կարող եմ նշել սահմանային լարվածությունը: Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ  մեզ ներքաշեց պատերազմական իրավիճակի մեջ»,-ասաց պատգամավորը:

Սոցիալ-տնտեսական կյանքում, ըստ նրա, դժվարև է առաջընթաց նկատել: «Սպասումները չարդարացան` թերեւս տարածաշրջանային տնտեսական իրավիճակով պայմանավորված, որը չէր կարող չազդել ՀՀ տնտեսական ակտիվության վրա»,-ընդգծեց Նիկոյանը:

«Տարածաշրջանային տնտեսական զարգացումները լավատեսություն չեն ներշնչում, բայց կառավարությունը բյուջեով տնտեսական աճի շեմն ամրագրեց 2.2 տոկոս: Եթե կարողանանք սա կատարել, կարծում եմ` այս տարվա խնդիրները լուծած կլինենք, որովհետեւ անկանխատեսելի վիճակում է հայտնվել ողջ տարածաշրջանը` տնտեսական, ռազմական ու քաղաքական առումով: Իսկ արտաքին գործոններից կախվածությունը փոքր երկրների ճակատագիրն է: Ռուսաստանի նման հզոր  գերտերությունը համաշխարհային գործընթացների մեջ տնտեսական անկում է արձանագրում, բնականաբար, փոքր երկրների վրա արտաքին ազդեցությունն ավելի  շուտ է նկատվում»:,-ասաց նա:

Հարցին, թե իշխանության խոստացած «Դեպի ապահով Հայաստան», «Առաջ Հայաստան» կարգախոսներն ինչ աղերս ունեն Հայաստանում ներկայումս տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, ՀՀԿ-ական գործիչը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ, որ հակառակ ուղղությամբ ընթացան այդ կարգախոսները, եթե մենք նկատի ունենք քաղաքացու ապահովությունը, հանգիստ  ապրելը իր պետության մեջ, թերեւս Հայաստանը գտնվում է աշխարհի ամենահանգիստ, ապահով պետությունների շարքում: Ամբողջ աշխարհը գալիս է ու այնքան հանգիստ է իրեն զգում մեր երկրում: Այդպես է նաեւ ներքին անվտանգության մասով»: