«Մենք այստեղ չենք եկել Ռուբեն Հախվերդյանին պաշտպանելու, որովհետեւ նա որեւէ մեկից պաշտպանվելու կարիք չունի»,- սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը՝ խոսելով Հախվերդյանի՝ թուրքական երաժշտական ընկերությունների հետ հնարավոր համագործակցության մասին։
Նրա խոսքով, անվանի երգահանի վրա ցեխ շպրտող լրագրողին որեւէ բան հասկացնելու կարիք անգամ չկա։ «Նա Ռուբեն Հախվերդյանն է, եւ դրանով ամեն ինչ ասված է։ Հախվերդյանն արժեք է, որ պիտի դառնա իդեոլոգիա։ Իսկ հիմա փողոցում կհանդիպես մարզահամերգայինի դահլիճը լցնող 10-րդ դասարանցիների, ովքեր անգամ չեն ճանաչում Հախվերդյանին։ Ռուբենը հանճարեղ կերպար է, եւ վատ է, որ նրան շատերը չգիտեն»,- նշեց երգիչը՝ հավելելով, որ այժմ քարոզվում է բացառապես մարզահամերգայինում հնչող, բազմահազար հանդիսատեսի սիրելի «թուրքական անգրագետ լադերով» կամ «ամերիկյանի կրկնօրինակ տուֆտա» երաժշտությունը։ «Եթե անգամ նման համագործակցություն եղել է, շատ լավ է, որ թուրքն ուզում է լսել Հախվերդյանի երգերը։ Ինձ համար այն թուրքը, ում հետաքրքիր է Ռուբենի արվեստը, ավելի լուրջ արժեք է, քան այն հայը, ով ուզում է այստեղ օտարալեզու դպրոցներ բացել։ Դավաճան հայն ինձ համար թշնամուց վատ է».- հավելեց Ամալյանը։
Ասուլիսին ներկա երգչուհի Լեյլա Սարիբեկայնն էլ իր հերթին ավելացրեց , որ Ռուբեն Հախվերդյանը «մերն է, ազգային արժեք, եւ որ ոչ ոք իրավունք չունի քարկոծել ժողովրդի մտահոգություններն ու սերը երգող երգչին»։ «Չմոռանանք, որ մենք բոլորս Ռուբենի երգերով ենք մեծացել։ Չմոռանանք, որ այս տարի՝ դեկտեմբերին, նրա 60-ամյակն է։ Միանանք եւ ասենք, որ բոլորս նրա հետ ենք եւ սիրում ենք նրան»,- նշեց երգչուհին։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը թուրքական երաժշտական ընկերությունների կողմից իր երգերի հեղինակային իրավունքների ձեռքբերման առաջարկ է ստացել։ Որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե նա գործարքի մեջ է մտել թուրքերի հետ, սակայն Հախվերդյանն ասուլիսներից մեկում հերքել էր այդ լուրերը՝ դրանք որակելով «փոթորիկ ոչնչից»։





























