Չդառնալով Երեւանի բնակիչ, նա վաղուց դադարել էր այստեղ զվոսաշրջիկ լինել, դրա համար էլ համարձակվում է մայրաքաղաքաքին սեփական, անձնական անունով կոչել, խոստովանում է Անդրեյ Իվանովը:
Ես վաղուց եմ նկատել, որ երբ քաղաքը քո ուզած անունով ես կոչում, ձեր միջեւ գաղտնիք է ծնվում:
«Սա իմ սիրելի առաջին քաղաքը չէ, նախկինում էլ հանդիպել են այլ, ինձ համար նշանակալի վայրեր, բայց մի անգամ Երեւանը միացավ այդ կարեւորներին, համալրեց նրանց շարքը ու դուրս եկավ առաջին պլան»,-նշել է հայտնի ճարտարապետ ուրբանիստն իր ««Իերեւան» գրքում:
Նա նշում է, որ Երեւանի մասին շատ է գրվել, սակայն Իերեւանի մասին ոչ ոք չի գրել:
«Այս գիրքն իմ անձնական, անհատական Երեւանի մասին է, իմ ներսում գտնվողն քաղաքի մասին: Այն մասին, թե ինչպես եմ ես այն տեսնում, ցավում եւ կառուցում իմ ներսում»,-բացատրում է Իվանովը:
Մոտիկից ծանոթանալով ճարտարապետի հետ, ես ցանկացա հարցնել՝ ինչպես է իր համար հնչում հայերենը, որ քաղաքն է համարում հոգու քաղաք, եւ ինչու Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Facebook-ում փոխել է իր գլխավոր լուսանկարը՝ գրելով. «Ես Ավետիսյան եմ»:

Քաղաքի ճարտարապետությունն ազդո՞ւմ է այնտեղ ապրող մարդկանց պահվածքի եւ տրամադրության վրա:
Ես ճարտարապետությունը (ավելի լավ է ասել՝ միջավայրը) չէի առանձնացնի քաղաքից եւ քաղաքացներից: Քաղաքի ճարտարապետությունն ինքնուրույն գոյություն չունի, այն չի ստեղծվում «դրսից», այլ ստեղծվում է այնտեղ ապրող մարդկանց կողմից: Արդյունքում նրանք՝ քաղաքն ու քաղաքացիները, ձեւավորում են միմյանց: Երբ մարդիկ վեր են բարձրանում, լավ միջավայրով լավ քաղաք են ստեղծում: Եվ հակառակը:
Հիմա բավական հաճախ եք Երեւան գալիս, իսկ առաջին անգամ մայրաքաղաք եկել եք 1984 թվականին: Կարո՞ղ եք համեմատել Ձեր տպավորություններն այն ժամանակ եւ հիմա:
1960-80-ական թվականների Երեւանն ու 2010-ականների Երեւանը տարբեր քաղաքներ են:
Առաջինը՝ ամբողջական, նպատակասլաց, ազատ եւ նույնիսկ տոնական, արդիական ժամանակակից արվեստով հագեցած: Այդ տարիների ճարտարապետական առաջընթացը՝ միութենական եւ նույնիսկ համաշխարհային մակարդակի, կոնկրետ երեւանցիների շնորհիվ էր եւ, կարծում եմ, բարձրացնում էին մյուս քաղաքացիների ոգին:
Այժմյան Երեւանը հակասական, մասնատված, հաջողակ եւ էլիտար կենտրոնով ու ակնհայտորեն հետամնաց, երբեմն նույնիսկ դեպրեսիվ ծայրամասերով քաղաք է: Ի դեպ, հենց կենտրոնում էլ հիմա նոր դեպրեսիվ անկլավներ են առաջանում: Ինձ համար այդպիսի անհարմար, տհաճ վայր է նախկին Էրիվանյան ամրոցում բազմահարկ բնակելի համալիրը: Ցավում եմ երեխաների համար, որոնք կմեծանան այդ անհոգի, ստեղծագործական մտքից զուրկ միջավայրում:

լուսանկարը՝ Անդրեյ Իվանովի
Ինչպիսի՞ն է Ձեր Երեւանի «հոգեբանական դիմանկարը»:
Ինձ համար այս քաղաքը միշտ սկզբից երկակի, բեւեռացված, ցրված է: Այն անհաղթահարելիորեն սառն է լինում, նույնիսկ վանող, բայց լինում է նաեւ անհավանականորեն ջերմ: Բայց ես արդեն սովորել եմ հարմարվել, ամեն այցի ժամանակ այն հավաքել ինձ համար, առաջին վիճակից անցնել երկրորդի եւ մնալ երկրորդում՝ այն վերածելով գրեթե նիրվանայի:
Այս դեպքում օգնում են սիրելի վայրերը եւ մտերիմ մարդիկ: Երկուսն էլ արդեն բավական շատ են, եւ ես գիտեմ, թե իմ որ տրամադրությանն է հարմար այս կամ այն վայրը, այս կամ այն մարդկանց ընկերակցությունը: Եվ եթե հնարավորություն եմ ունենում հենց այդ վայրերում եւ այդպիսի միջավայրում լինել, ուրեմն դա միանշանակ ջերմ, բարի եւ նույնիսկ ուրախ քաղաք է:
Բացի Երեւանից, եղել եք նաեւ երկրի այլ քաղաքներում եւ վայրերում: Ձեր կարծիքով, այսօրվա հայերը երջանի՞կ մարդիկ են: Կամ ինչպիսի՞ն են նրանք:
Առաջին տպավորությունն այսպիսին է. կենտրոնում երջանիկ են, ծայրամասերում՝ դժբախտ:
Ահա բրազիլացիները երջանիկ են: Եվ նույնիսկ աղքատության մեջ ուրախ եւ գեղեցիկ են: Իսկ հայե՞րը: Ինչպե՞ս կարող է «երջանիկ» լինել այսքան հնագույն ժողովուրդը, որն այդքան ցավ է ապրել:
Այսօրվա հայերը, հավերժ խնդիրներից բացի, նաեւ ընթացիկ խնդիրներով են ծանրաբեռնված, որոնք բազմաթիվ են, հակառակ դեպքում տարեկան 40 հազար մարդ չէր հեռանա երկրից:
Ամեն դեպքում՝ «ամերիկյան» հերթապահ ժպիտն այստեղ հազվագյուտ բան է: Բայց ես նկատել եմ. հայը երջանիկ է, երբ զբաղվում է սիրած գործով: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ դա բիզնես լինի: Կարող է լինել՝ ինչ ասես. կոշիկ վերանորոգել, ընթրիք պատրաստել, տուն կառուցել, ընկերների հետ շփվել, գինի խմել... դա նույնպես գործ է:

լուսանկարը՝ Անդրեյ Իվանովի
Դիմելով հայ ընկերներին՝ Դուք օգտագործում եք մեզ մոտ տարածված «ջան»-ը: Ուրիշ ի՞նչ բառեր կամ արտահայտություններ են Ձեզ դուր գալիս: Ընդհանրապես, Ձեր ականջին ինչպե՞ս է հնչում մեր լեզուն եւ կարո՞ղ եք այն տարբերել, ասենք, վրացերենից:
«Ջան» դիմելաձեւն իսկապես շատ սիրեցի: Ռուսերենում դրա համարժեքը գոյություն չունի: Անգլերենում, օրինակ, կարելի է բոլորին «dear» գրել, իսկ ռուսերենում չես կարող հենց այնպես «սիրելիս» ասել: Այստեղ նույնպես չես կարող, բայց եթե զրուցակիցն արդեն քիչ թե շատ մտերիմ է, մեծ հաճույքով այդպես եմ գրում կամ ասում: Բացի այդ, այդ բառի մեջ ինչ-որ ջերմ, համաարեւելյան կոլորիտ է զգացվում:
Հայերեն այլ բառեր գրեթե չգիտեմ: Հայերենը դժվար լեզու է: Թվում է՝ «ինքն իրեն» այն երբեք չես սովորի: Ճշմարիտ էր Մանդելշտամը. «Վայրի կատու է հայերեն խոսքը»:
Լսողությամբ այն արդեն տարբերում եմ այլ լեզուներից, իսկ տառերի ձեւով, իհարկե, հարյուր տոկոսով:
Հայկական առասպելներից ո՞րն է Ձեզ ամենից շատ դուր գալիս:
Ախթամարի մասին առասպելը: Այն միավորում է ինձ համար շատ կարեւոր բաներ. կին, սեր, ծով, ճարտարապետություն (միշտ պատկերացրել եմ Թամարին՝ պալատի աշտարակում իր սիրեցյալին սպասելիս) եւ, վերջապես, կոնյակ: Իհարկե, տխուր առասպել է: Բայց չէ՞ որ միշտ, չգիտես ինչու, հույս ունես, որ քեզ հետ այդպիսի բան չի պատահի: Տեսնենք:
Հաջորդ հարցը փոքր-ինչ անձնական է, բայց այն «չեմ կարող չհարցնել» շարքից է: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Դուք, հավանաբար, միակ մարդն էիք, ով Facebook-ում լուսանկարը փոխեց՝ «Ես Ավետիսյան եմ»-ի, «Je suis Charlie»-ի օրինակով: Կբացատրե՞ք, թե ինչու դա արեցիք եւ ինչպես դրան արձագանքեցին Ձեր ծանոթները:
Դա էթիկապես բարդ հարց է: Փորձեմ հիշել, թե այդ ժամանակ ինչ է զգում: Ես... ամոթահար էի: Այդ պատճառով, որ այդ սարսափելի սպանությունը կապվում է իմ պետության զինվորի հետ: Եվ իմ այդ երկիրը փաստացի լռում է: Եվ որպես օբյեկտ ընտրվել էր հայերի համար ամենից խոցելի թիրախ՝ երեխաները: Այսքանով, թերեւս, կանգ առնեմ: Ավելի լավ է մեջբերեմ այդ օրերին ֆեյսբուքում հրապարակած իմ բանաստեղծությունը:
Զարմանալի է. ես Ավետիսյան եմ:
Բայց ոչ՛ Մինաս, Սերյոժա:
Երեկ ես մահացա: Այգի դուրս եկա:
Խնձոր կամ նուռ դարձա:
Կիսաթափանցիկ մաշկով,
Դրանում ինչ-որ տեղ ալ կարմիր սրտով,
Խոցված դանակով:
Ինչ վերաբերում է ծանոթներին, նրանք հիմնականում լռեցին, ինչը կցանկանայի ընկալել ոչ թե որպես անտարբերություն, այլ որպես իմ դիրքորոշման ընդունում եւ հարգանք:

Ո՞ր քաղաքը կարող եք կոչել Ձեր հոգու քաղաք եւ ինչո՞ւ:
Ուկրաինայի հարավում գտնվող Մելիտոպոլ քաղաքը: Ամենակարեւորը՝ Քաղաքի հետ առաջին շփումն այնտեղ է տեղի ունեցել:
Այնտեղ իմ աշխարհն էր՝ երկու տնով հողակտոր: Մեծը՝ ընտանիքի երիտասարդ մասի համար, Փոքրը՝ հին մասի. այգիով, որում կեռասի եւ ծիրանի տասնյակ ծառեր էին աճում, տարբեր տեսակի երկու մեծ ընկուզենիներ, խաղող, պատերազմի մասին տատիկիս պատմությունները (Մեծ տան նկուղում նա մեր փողոցի տասնյակ աղջիկների փրկել է Գերմանիա քշելուց. պառկել է մուտքին, արմունկներին լուծույթ է քսել եւ գերմանացիների ասել՝ «տիֆ է»):
Իսկ շուրջը հսկայական Քաղաք-աշխարհն էր՝ զբոսայգիով, գլխավոր պողոտայով, կինոդահլիճով, շուկայով, ազգականների տներով: Ցավալի է, որ այդ տներից, այդ վայրերից, այդ ընտանիքներից ոչինչ չի մնացել: Գերեզմանատուն... Դատարկություն...
Իսկ Երեւանում ինչ-որ հրաշքով զգացի այդ՝ ԻՄ քաղաքի ոգին, կարծես ինչ-որ հարազատ բան գտա, ավելի շատ միջավայրում, քան մարդկանց մեջ: Չնայած ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ մարդիկ նման են՝ հարավային են: Այդ պատճառով է, որ ինձ համար ցավալի է տեսնել Երեւանի կորուստները՝ Աֆրիկյանների տունը, Բուզանդի 107 հասցեի տունը:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, աշխարհում իմ հոգու գոյություն ունեցող քաղաքը չկա՞: Չպետք է այսպես լինի: Այդ պատճառով ես գրքեր եմ գրում՝ բառերի եւ լուսանկարների օգնությամբ «հոգու քաղաք» ստեղծելով: Այդպես ստեղծվեց իմ «Իերեւանը»: Եվ ես ուրախ կլինեմ, եթե ինչ-որ մեկը, կարդալով այդ գիրքը, հետո դա իրական քաղաք եւ տեսնի. հոգու քաղաքը գոյություն չունի:

Գյումրի, լուսանկարը՝ Անդրեյ Իվանովի




























