Շատ կցանկանայի 2015 թվականից մի լավ բան հիշատակել, բայց չի ստացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Տարին ամփոփեցինք հույսի կորստով, ապագայի նկատմամբ բացարձակ լավատեսության բացակայությամբ։ Երկու բան է ինձ անհանգստացնում, առաջինը՝ արտագաղթը։ Եթե հինգ տարի առաջ արտագաղթում էին 3 միլիոնից, հիմա նույն քանակով արտագաղթում են 2 միլիոնից։ Ամենածանր կորուստը Հայաստանի համար արտագաղթն է։ Սա նշանակում է՝ մենք կորցնում ենք ֆինանսական, մարդկային ռեսուրս, կորցնում ենք զինվորական ու կրթական ռեսուրս։ Սա ամենադժվար վերականգնվող կորուստն է»,- նշեց Արամ Մանուկյանը։

Ըստ պատգամավորի՝ 2015-ի երկրորդ առանձնահատկությունը տնտեսական ծանր վիճակն էր։ «Եթե տնտեսական կորուստները թվաբանական պրոգրեսիայով էր ընթանում, ապա հիմա՝ երկրաչափական։ Առաջին տարին է, որ չենք ունենա թոշակների, աշխատավարձերի,  նպաստների աճ, այն դեպքում, երբ իշխանությունները չեն թաքցնում, որ այս տարի լինելու է գնաճ։ Արդեն ապացուցելու կարիք չկա, որ ժողովուրդը 2016-ին ապրելու է 10-15 տոկոսով ավելի աղքատացած։ Այս երկու գլխավոր խնդիրները հանգեցնում են հուսահատության, հիասթափության, ապատիայի»,-ընդգծեց Մանուկյանը:

Նրա խոսքով տարվա ծանր իրավիճակի վերջին նոտան կեղծված հանրաքվեն էր, ինչը կրկին հիասթափեցրեց բնակչությանը։

«Հանրաքվեն էլ իր հերթին նպաստեց դրան։ Մենք ունենք մարզերից տվյալներ, որ դեկտեմբերի դրությամբ արտագաղթ է սկսվել, ինչընախկինում չի եղել։ Ժողովուրդը հանրաքվեի հետ հույս կապում էր, բայց այդ այլանդակ ձեւով միջոցառումներ անցկացնելը՝ ընտրությունները կեղծելը, կոտրեց մարդկանց հույսը։ Եւ վերջապես սահմանային լարվածությունը, նաեւ՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածության համատեքստում, մարդկանց մոտ, երկրում մեծացրել է նաեւ վտանգի զգացումը։Սա էլ հոգեբանական ծանր վիճակն է, որով մտանք 2016 թվական»,-ամփոփեց Արամ Մանուկյանը։