Ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանն ասում է՝ Ամանորը տոնելիս հայերը պետք է հաշվի առնեն, որ գտնվում են Սուրբ ծննդի մեկշաբաթական պասի շրջանում, եւ չընկնեն ուտեստների շռայլ անվանացանկի հետեւից:

«Ես ուղղակի զարմացած եմ մեր օրերի ամանորյա այս շքեղության, մրցավազքի վրա: Շատ ընտանիքներ կան, որոնք իսկապես ի վիճակի չեն այդքան մեծ ծախսեր կատարել, բայց հարեւան ընտանիքներից հետ չմնալու գաղափարը, փաստորեն, նրանց մղում է պարտքեր վերցնել, որի անհրաժեշությունը բոլորովին չկա»,-ասում է ազգագրագետը:

Ռաֆիկ Նահապետյանը փաստում է՝ հնում Ամանորը համաժողովրդական ցնծության տոն է եղել, նույնիսկ առանց ավելորդ ճոխությունների սեղաններն առատ են եղել, բայց ոչ զանազան մսային կերակուրներով:

«Մեր ժողովրդի շրջանում շատ կարեւորություն է տրվում ուտեստեղենին: Ասեմ, որ անցյալում տոնական սեղաններն առատ են եղել բացառապես հատիկային կերակրատեսակներով, մրգեղենով, չրեղենով, գաթաներով: Ուտեստեղենը կենտրոնական տեղ չի գրավել հնում»,-նշում է ազգագրագերտ:

Ըստ ազգագրագետի` ինչպես Ամանորը, այնպես էլ ազգային մի շարք տոներ ձեւախեղվել են 1915թ. Հայոց Ցեղասպանությունից հետո եւ խորհրդային իշխանության օրոք:

«Արեւմտահայությունը Ցեղասպանության հետեւանքով հայրենազրկվեց, տեղահանվեց եւ ցիրուցան եղավ աշխարհով մեկ: Մազապուրծ փրկվածները, հայտնվելով այլ միջավայրի որոշ ազդեցության տակ, տոների կատարումը միայն որոշ չափով պահպանեին: Արեւելահայ իրականության մեջ խորհրդային իշխանության կոմունիստական գաղափարախոսությունը փորձում էր ժողովրդից արմատախիլ անել հայկական տոները, իսկ այն տոները, որոնք չէին կարող վերացնել, ձեւափոխում էր եւ փորձում տալ սոցիալիստական գաղափարախոսությանը համահունչ տոնակատարության ձեւ»,-ասում է նա:

Տոնածառի եւ Ձմեռ պապի գաղափարը, ըստ ազգագրագետի, հայկական իրականություն է մուտք գործել հենց խորհրդային տարիներին:

«Խորհրդային տարիներին մտցվեցին մի քանի սովորույթներ, օրինակ՝ տոնածառի եւ Ձմեռ պապի սովորույթները: Մենք ունեցել ենք սրբազան ծառեր՝ սոսին, բարդին, ձիթենին, որը արեւմտահայոց մեջ զարդարում էին չրերով, մրգերով, միջայցի տանում պատարագի, օրհնում, բերում, տարեհացի վրա խրում որպես տոնածառ: Իսկ Ձմեռ պապի կերպար չենք ունեցել, որը հատուկ հանդերձանք էր կրում, տնետուն գնում, եւ նվերներ բաժանում»,-պատմում է ազգագրագետը: 

Ռաֆիկ Նահապետյանի խոսքով՝ հենց խորհրդային տարիներից է եկել տոնական սեղանները մսային կերակուրներով համալրելու գաղափարը, սակայն ներկայիս զանազան ուտեստներով սեղանները հեղեղելու մոլուցքը վերջին տասնամյակների նորույթ է, որի «սկզբնաղբյուրն» անհայտ է ազգագրագետի համար:

Ռաֆիկ Նահապետյանը Ամանորը տոնելու նոր ձեւավորվող սովորույթների մեջ եւս մեկ բացասական միտում է նկատում, երբ շատերը Ամանորին փակում են իրենց դռները եւ մեկնում արտասահման:

«Լավ է, որ օրը ճիշտ ձեւով կազմակերպում են, բայց մի մոռացեք, որ երբեք տոնական այդ օրերին մեր դռները չեն փակվել: Ամանորի գիշերը, կամ առավոտ կանուխ ակնդետ հետեւել են, թե ով պետք է առաջինը բացի իրենց տան դուռը, եւ առաջինը դուռը բացողի կերպարով պայմանավորվում էր գալիք տարվա ամբողջ ընթացքը»,-ասում է նա:

Ազգագրագետն ասում է՝ նախկինում Ամանորը գեղջուկի, ռամիկի, քաղաքացու տանը նշվել է նույն անբռնազբոսիկությամբ: Իսկ այժմ սոցիալական ընդգծված շերտավորման պատճառով Ամանորը տոնելիս որոշակի լարվածություն է նկատվում, կարողները ճոխությամբ են դիմավորում, իսկ անկարողները պարտքեր են վերցնում, որոնց հետեւանքները ստիպված են լինում կրել հաջորդ մի քանի ամիսներին:

«Կարծում եմ, որ բոլորը պետք է տոնեն միատեսակ, Ամանորի բովանդակությունը ճոխ սեղանների հետ պետք չէ կապել: Պետք է տոնի ընդգրկումն այննես լինի, որ տարբերությունները քիչ լինեն, որ բոլորը երեւույթին մոտենան ցնծությամբ, սրտառատ լինեն։ Պարտք անելու ի՞նչ կարիք կա, եթե կարող են թեթեւ, սահուն, հաճելի, համաժողովրդական ձեւով տոնել: Ես չեմ ասում՝ վերադառնանք մեր պապենական, նահապետական ժամանակների հավասարությանը, բայց տարբերություն պետք է չդրվի պատգամավոր ես, թե դասատու, դասախոս ես, թե շինական, հասարակ քաղաքացի, թե քաղաքապետ, պիտի համահավասար տոնեն»,-ասում է ազգագրագետը:

Ռաֆիկ Նահապետյանը եզրափակում է՝ հնում Ամանորը առաջինը տունը, մարդկանց հոգիները եւ մարմինը մաքրելու, միջանձնային հարաբերությունները կարգավորելու ցնծալի ծիսական արարողություն էր, որն այժմ ձեւական մրցավազքի է վերածվել: