Թե ներքին, թե արտաքին քաղաքական գործընթացների առումներով 2015 թ. լարված էր Թուրքիայի համար։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը` գնահատելով տարին Թուրքիայի համար։

Նրա խոսքով, անցած տարվա ընթացքում մի շարք իրադարձություններ առաջին անգամ տեղի ունեցան։ «Ներքաղաքական առումով անշուշտ կարեւոր էին երկու խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Դա աննախադեպ էր Թուրքիայի խորհրդարանական կառավարման անցնելուց ի վեր, երբ մեկ տարվա մեջ անցկացվեցին երկու խորհրդարանական ընտրություններ։ Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում 13 տարի անընդմեջ եւ միանձնյա իշխող ԱԶԿ-ին չհաջողվեց խորհրդարանում ձեռք բերել պարզ մեծամասնություն։ Կոալիցիա կազմելու անպտուղ բանակցություններից հետո օգոստոսի 24-ին հայտարարվեց, որ նոյեմբերի 1-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Այդ ընտրություններում ԱԶԿ-ն կարողացավ պարզ մեծամասնություն ձեռք բերել խորհրդարանում եւ ձեւավորել միակուսակցական կառավարություն։ Երկու ընտրությունների ընթացքում առաջին անգամ ձեւավորվեց անցումային կառավարություն։ Իսկ այդ կառավարության մեջ էլ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ նախարար դարձավ կրոնական գլխաշոր կրող կին»,- նշել է թուրքագետը։

«Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած երեք մեծածավալ ահաբեկչական գործողությունների ընթացքում Թուրքիայում զոհվեցին եւ վիրավորվեցին 200-ից ավելի խաղաղ բնակչություն։ Անցնող տարվա ընթացքում աննախադեպ ծավալներ ստացան Թուրքիայի ԶՈՒ-ի եւ ոստիկանական զորամիավորումների կողմից երկրի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացված հատուկ գործողությունները։ Այդ մարտերի ընթացքում զոհվեցին 3000-ից ավելի եւ մարտիկներ։ Քրդական հարցը կրկին հիշեցրեց իր մասին։ Անցած տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական անկայունությունն ազդեց նաեւ Թուրքիայի տնտեսության վրա` արձանագրելով տնտեսական ցուցանիշների աննախադեպ անկում»,- արձանագրել է թուրքագետը։