Ռուսական լրատվամիջոցների մատուցմամբ Ուկրաինան դադարել է Ռուսաստանի գլխավոր թշնամին լինել. նրա տեղը 2015թ. վերջին զբաղեցրել է Թուրքիան։ Այս մասին են վկայում «Մեդիալոգիա» ընկերության հաշվարկները, հայտնում է ՌԲԿ-ն։

Ընկերությունն ուսումնասիրել է, թե 2015թ. որքան հաճախ են ռուսական հեռուստաալիքները, լրատվամիջոցները եւ բլոգերը թշնամական ենթատեքստով  հիշատակել Ուկրաինային, ԱՄՆ-ին, Թուրքիային ու «Իսլամական պետությանը»։

2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում վստահաբար առաջատար էր Ուկրաինան։ Համար երկու թշնամին ԱՄՆ-ն էր։ Միջինում Ուկրաինային որպես թշնամի թերթերն ու հեռուստաընկերությունները մեկուկես անգամ ավելի հաճախ են հիշատակել, քան ԱՄՆ-ին։

Ընդ որում, տարվա ընթացքում երկու երկրների նկատմամբ թշնամանքի մակարդակն աստիճանաբար նվազել է։ Եթե տարեսկզբին հեռուստատեսությամբ սյուժեներ էին ցուցադրվում, որտեղ Ուկրաինայի իշխանություններին որակում էին որպես խունտա (միություն, խմբավորում), ապա տարեվերջին այդ անվանման մասին գրեթե մոռացել են։