Գերմանիայում պահպանակներով առեւտրային ավտոմատն սպանել է գողին: Միջադեպը տեղի է ունեցել Շեպնգենում:
Գերմանիայի իրավապահ մարմինների տվյալներով, Մյունսթերի 29-ամյա բնակիչը երկու ընկերների հետ միասին որոշել է գողանալ ոչ միայն պահպանակները, այլեւ ավտոմատ սարքում առկա փողերը: Երիտասարդները սարքի մեջ ինքնաշեն պայթուցիկ էին դրել ու թաքնվել մեքենայի մեջ, սակայն նրանցից մեկը չի հասցրել հեռանալ նախքան պայթյունը: Նրա գլխի մեջ ավտոմատ սարքից մետաղական բեկոր է խրվել, գրում է The Local-ը:
Ընկերները վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկներին ասել, որ նա պատահաբար ընկել է աստիճաններից: Բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը:
Արդեն ոստիկանությունում տղաները պատմել են իրականությունը: Ոստիկանությունից հայտնել են, որ երիտասարդները ավտոմատ սարքից ոչինչ չեն գողացել: Առավոտյան սարքը բացել են եւ հայտնաբերել փողերն ու պահպանակները, հաղորդում է Lenta-ն:
Գերմանիայի ՆԳՆ-ում նշել են, որ մահացածի հանցակիցները կալանավորվել են, բայց ավելի ուշ նրանց ազատ են արձակել:




























