ԱՊՀ շատ երկրների տարադրամային շուկաներում տեղի ունեցողի ֆոնին Հայաստանի իրավիճակը կարելի է շատ թե քիչ կայուն համարել: Հսկայական ցնցումները, որոնք 2014-ի դեկտեմբերին մի շարք բանկերի եւ փոխանակման կետերի սպեկուլյատիվ գործողությունների հետեւանք էին, թվում է` անցյալում են մնացել:
Ստորոբերյալ գրաֆիկում ներկայացվում է մեր երկրում դոլարի փոխարժեքի օրական դինամիկան հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, ամենամեծ տատանումները եղել են II կիսամյակում: Դոլարն իր առավելագույն արժեքին (485,61 դրամ) հասել է սեպտեմբերի 10-ին, իսկ նվազագույնին` (469,79 դրամ) հոկտեմբերի 23-ին: Ծայրակետային արժեքների միջեւ տարբերությունը 16 դրամից պակաս է կազմել: Եթե համեմատենք ամսական միջին ցուցանիշները, ակնհայտ է դառնում հետեւյալ պատկերը. հունվարին դոլարը մեկնարկել է 475,7 դրամ փոխարժեքով, իսկ դեկտեմբերն ավարտում է 483,0 դրամ ցուցանիշով: Եվ այսպես, օրացույցային տարվա ընթացքում դրամը թանկացել է մոտավորապես մեկ ու կես տոկոսով: Նշենք, որ ընթացիկ տարում երկրի տարադրամային շուկայի համար անբարենպաստ պայմաններ են ստեղծվել. Կտրուկ կրճատվել է արտաքին փոխանցումների գումարը, որն օտարերկրյա տարադրամի կարեւորագույն աղբյուրներից է:





























