«Արդշինբանկ» ՓԲԸ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի Արդշինբանկը միացել է ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրին, որպես Թողարկող բանկ: Արշինբանկից  NEWS.am-ին տեղեկացրին, որ պայմանագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը Արդշինբանկի համար հաստատել է 10 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ, որը կօգտագործվի առեւտրի գործարքների ֆինանսավորման համար:

Առեւտրի խթանման ծրագրին մասնակցությունը թույլ կտա Արդշինբանկին մասնակից հաստատող բանկերի միջոցով ընդլայնել իր համագործակցության շրջանակը եւ աշխարհագրությունը:

Նշենք, որ Արդշինբանկը ակտիվներով Հայաստանի երկրորդ բանկն է եւ ունի վաճառքի լայն ցանց կազմված 55 մասնաճյուղից: Բանկը հեղինակավոր Եվրոմանի ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի «Տարվա լավագույն բանկ»: 2015թ. հուլիսին բանկն առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկեց 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոպարտատոմսեր:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: