Պրիմորյեում մարդկանց մոտ հայտնված վագրի ձագի վիճակը բարելավվում է, բայց նրա լիակատար ապաքինման համար մի քանի ամիս անհրաժեշտ կլինի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել է  «Ընձառյուծի երկիր» ազգային պարկը:

Դեկտեմբերի վերջին ազգային պարկի աշխատակիցները փրկել էին ամուրյան վագրի չորսամսական հյուծված ձագին, որին քիչ էր մնացել` հոշոտեին շները Պրիմորյեի գյուղերից մեկի ծայրամասում: Գիշատչին տեղավորեցին Վագրերի վերականգնման եւ վերաներառման կենտրոնի կարանտինային բլոկում:  

Նախնական եզրակացության համաձայն, կենդանու վիճակը զգալիորեն բարելավվել է, բայց լիակատար ապաքինման համար նրան եւս մեկ ամիս պետք կլինի:

«Վագր» կենտրոնի բժիշկ-անասնաբույժ Եկատերինա Բլիդչենկոյի խոսքով, վերջին օրերին կենդանու վիճակը զգալիորեն բարելավվել է:   

«Էգն արդեն նորմալ սնվում է եւ զուգարան է գնում, ինչը վկայում է, որ նա աղեստամոքսային տրակտի խնդիր չունի: Սակայն, ինչպես առաջին զննման ժամանակ, այս անգամ եւս մասնագետներն արձանագրել են ենթամաշկային ցանցենու բացակայություն եւ մորթու վատ վիճակ: Վագրի ձագի առողջության ավելի մանրամասն հետազոտման համար լաբորատոր անալիզներ կկատարվեն կատվազգիների հիվանդությունների հիման վրա», — ասել է բժիշկը:  

Կիրակի տեղի ունեցած զննման ընթացքում վագրի ձագին առաջին անգամ կշռել են: Կենդանու քաշը կազմել է 19 կգ: Մասնագետների վկայությամբ, նորմալ պայմաններում չորսամսական ձագի քաշը պիտի մոտ 27 կգ կազմի: Այդ փաստն ընդամենը հաստատում է գիտնականների ավելի վաղ հնչեցրած ենթադրությունները, որ մարդկանց հանդիպելուց առաջ առնվազն երեք շաբաթ վագրի ձագն առանց մոր է անցկացրել:  Ձյան բացակայության պատճառով վագրուհու եւ հնարավոր եղբայրների կամ քույրերի որոնումներն առայժմ արդյունք չեն տվել: