Արդեն չորրորդ օրն է ինձ չի հաջողվում Գեւորգ Սաֆարյանի հանցագործության մասին հաղորդումը ուղարկել պատկան մարմիններին՝ ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գերեւոր Սաֆարյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Նրա հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Հունվարի 4-ին հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստել նաեւ հունվարի 1-ին Ազատության հրապարակում ծեծված մի խումբ քաղաքացիներ: Այս հաղորդումները եւս հնարավոր չէ ներկայացնել իրավապահ մարմիններին: Նշված մարմինների ինտերնետային կայքերում նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Դրանք են ՀՀ դատախազություն՝ 511650, ՀՔԾ՝ 011900035, ՀՀ քննչական կոմիտե՝ 011880151: Այդ կառույցների դռները փակ են:

Գլխավոր դատախազության շենքը հսկող ոստիկանները հրաժարվեցին վերցնել հաղորդումները՝ պատճառաբանելով, որ դատախազությունում չկա որեւէ հերթապահ դատախազ, քանի որ դատախազությունը ընդհանրապես չի աշխատում, իսկ իրենք իրավասություն չունեն վերցնելու որեւէ փաստաթուղթ:

Գտնում եմ, որ նման իրավիճակը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությանը, քանի որ հանցագործության մասին հաղորդումները քննվում են անհապաղ եւ անհապաղ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ բացահայտելու համար հանցագործության հետքերը եւ այն կատարողներին:

Ավելին՝ ՀՀ դատախազությունը վերահսկողություն է իրականացնում քրեական գործի ընթացքի նկատմամբ: Ստացվում է, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատախազական վերահսկողության չի ենթարվել: Այսինքն չեն ստուգվել քրեական գործ հարուցելու,  մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Ստիպված եմ հանցագործության մասին հաղորդումները ուղարկել նրանց կայքերին եւ հրապարակել մամուլում, որպեսզի որեւէ պատկան մարմին ընթացք տա դրանց: Կից ներկայացվում է այդ հաղորդումները։