Նավթի շուկայում իրավիճակն այնքան սրընթաց է փոխվում, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կարելի է ակնկալել բառացիորեն հաջորդ օրը: Պարզ է մի բան, որ նավթի համաշխարհային գների թրենդն առայժմ հստակ վայրընթաց միտում ունի: Այս միտումի խախտման հազվադեպ դեպքերը (ասենք Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջեւ դիվամագիտական կոնֆլիկտի սկզբում ) զուտ դրվագային բնույթ ունեն: Հարցը միայն այն է, թե որքան ցած կգլորվեն այդ գները, ու արդյոք իրատեսական է դրանից հետո նավթի գների բարձրացում ակնկալելը:

Այս առումով ուշագրավ է վերհիշել լրատվամիջոցներում հրապարակված որոշ կանխատեսումներ: Վերնագրերն արդեն իսկ ամեն ինչ ասում են «Փիքենս. Նավթի գինը կբարձրանա մինչեւ 100 դոլար( 2014 թ դեկտեմբեր) « JP Morgan. ԱՄՆ-ն չի վերացնի նավթի արտահանման արգելքը» ( 2015 թ. հունիս ) եւ այլն: Սակայն գինը հիմա մոտենում է բարելի դիմաց 30 դոլարի, իսկ ԱՄն –ն էլ վերացրել է նավթի արտահանման արգելքը: Չնայած վերոնշյալ «կանխեսումների» ձախողմանը, դրանց նկատմամբ հակումը չի նվազում: Բառացիորեն օրերս հայտնվեց մի հոդված «Փորձագետը կանխատեսում է նավթի գների արագ թռիչք մինչեւ բարելի դիմաց 100 դոլար» (2016 թ. հունվարի 7 ): Մինչդեռ գների անկմանը մի քանի առանցքային գործոններ են նպաստել:

Նախ այսպես կոչված թերթաքարային հեղափոխությունը: Թերթաքարի մեծ հանքեր շատ երկրներում կան, ընդ որում Ռուսաստանում դրա պաշարները ավելի շատ են, քան որեւէ այլ երկրում: Սակայն ԱՄՆ –ն, ծախսելով միլիարդավոր դոլարներ, մշակել է թերթաքարային նավթի արդյունահանման հազվագյուտ տեխնոլոգիա ( որի հիմքում հորիզոնական հորատումն է):

Հետաքրքիր է, որ ամերիկյան նավթամշակման գործարանների մեծ մասը նախատեսված չէ թեթեւ նավթ վերամշակելու համար: Այնպես որ երկարատեւ ընդմիջումից հետո սույն թվականի սկզբից թույլատրված նավթի արտահանումը ԱՄՆ –ի համար միանգամայն օրինաչափ էր: Այս նորությունը նավթի համաշխարհային գների հերթական անկման պատճառը դարձավ:

Երկրորդ գործոնը՝ անցած տարի չեղարկվեցին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, ինչի շնորհիվ նա կտրուկ ավելացրեց իր նավթի արտահանումը: Այս գործոններին հունվարի 7-ին ավելացավ նաեւ չինական բորսային շուկայի անկումը, ինչի հետեւանքով յուանի փոխարժեքը իջավ: Շատ ներդրողները դա համարեցին Չինաստանի տնտեսության թուլացման նշան: Բնականաբար սա սադրեց նավթի գների հերթական անկումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանի նավթի խոշորագույն ներկրողն է:

Հիմա փակ շրջան է ստեղծվել. նավթ արտահանող շատ երկիրներ ( այդ թվում Ռուսաստանը) իրենց վնասը գոնե մասամբ փոխհատուցելու համար ավելացնում են արդյունահանումը: Բայց դրանով իսկ խախտվում է պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը, ինչի հետեւանքով գներն ավելի են իջնում: Չէ՞ որ պահանջարկը, ի տարբերություն արդյունահանման, իր օբյեկտիվ սահմանն ունի:

Արդյո՞ք գների անկումը ԱՄՆ ու Սաուդյան Արաբիայի գաղտնի դավադրության հետեւանքն է Ռուսաստանի տնտեսությունը թուլացնելու նպատակով: Գրեթե երկու տարի առաջ մի հեղինակավոր պարբերականում հրապարակվել էր ռուսաստանցի մասնագետի հոդվածը, «Դավադրության տեսություն. ինչո՞ւ չի հաջողվի Ռուսաստանին պատժել նավթի գների անկումով» բազմանշանակ վերնագրով: Եթե նման դավադրություն իրոք եղել է, ապա Չինաստանի տնետսության հետ հնարավոր խնդիրները փաստորեն ձեռնտու էին ԱՄՆ-ին:

Սմբատ Գրիգորյան