Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր` հունվարի 8-ին, Երեւանի Ազատության հրապարակում 8 օր առաջ տեղի ունեցած հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն եւ ՀՀ գլխավոր դատախազություն:
NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ հաղորդումները վերաբերում են Գեւորգ Սաֆարյանի կալանավորմանը եւ դեկտեմբերի 31-ի գիշերը Ազատության հրապարակում իրականացված ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառելուն:
«Հաղորդման մեջ նշել եմ, որ ոստիկանները անհիմն կերպով բռնություններ են գործադրել, ծեծել են 31-ին Ազատության հրապարակում ակցիա իրականացնողներին եւ նրանց պատճառել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման մեջ կան ակցիայի մասնակիցներից 7-ի ցուցմունքները, որոնք նշել են, թե ովքեր են բռնություն գործադրել իրենց նկատմամբ: Գեւորգ Սաֆարյանը որեւիցե անօրինական արարք չի կատարել, ընդհակառակը՝ Սաֆարյանը փորձել է հանդուրժողականության կոչ անել, որի ժամանակ էլ բերման են ենթարկել նրան»,-ասաց նա` նշելով, որ հաղորդումներով ակցիայի մասնակիցները միջնորդում են, որ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու վնասվածքների աստիճանը եւ մեղադրանք առաջադրվի օրինազանց ոստիկաններին:
Տիգրան Հայրապետյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր փորձել է հանդիպել Գեւորգ Սաֆարյանին, սակայն նրան չի հաջողվել, նրան կփորձի հանդիպել հունվարի 11-ին:
Ավելի վաղ փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Գեւորգ Սաֆարյանը ուզում է առանձին խուց տեղափոխվել, քանի որ ընդհանուր խցում վախենում է բռնության ենթարկվելուց, պահանջը կատարվել է: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը:




























