Շիրակի մարզի Բանդիվան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում այսօր` հունվարի 8-ին, թունավորման ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 5 երեխաների ու 5 մեծահասակների ինքնազգացողությունը վատացել է խնջույքի ժամանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բանդիվանի գյուղապետ Արտավազդ Ղուկասյանը: Նա նշեց, որ իրենց համագյուղացին հունվարի 7-ին բանակ զորակոչված իր փոքր որդու բանակի քեֆն է արել, իսկ այսօր մատաղ են արել բանակից վերադարձած ավագ որդու համար, որի ժամանակ էլ խնջույքի մասնակից 10 հոգու ինքնազգացողությունը վատացել է:
«Բանակի քեֆ արեցինք, այսօր էլ մատաղը պետք է լիներ, բայց կիսատ մնաց: Շատերն ասում են, որ գազի թերայրումից են թունավորվել, կեսն էլ սննդային թունավորում ունեն: Բայց կարեւորն այն է, որ արդեն բոլորը ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ դուրս են գրվել հիվանդանոցից: Հիմա մենք շարունակելու ենք մատաղը»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ թունավորման ախտորոշմամբ Գյումրու ԲԿ էին տեղափոխվել 5 չափահաս եւ Գյումրու «Մանկական ավստրիական» ԲԿ` 5 երեխա: Գյումրու ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխված հինգ քաղաքացիները թունավորվել են գազի թերայրումից, որոնք ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, երեխաները նույնպես արդեն տանն են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 8-ին, ժամը 14.53-ին, ՏԿԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Բանդիվան գյուղի 1-ին փողոցի տներից մեկից 5 երեխա տեղափոխվել են «Մանկական ավստրիական» ԲԿ, իսկ 5 քաղաքացի՝ Գյումրի քաղաքի ԲԿ: Պարզվել է, որ «Մանկական ավստրիական» ԲԿ տեղափոխվել են 2011 թ. ծնված Ա. Մ.-ը, 2012 թ. ծնված Լ. Մ.-ը, 2013 թ. ծնված Գ. Խ-ը, 2008 թ. ծնված Ա. Մ.-ը, 2011 թ. ծնված Շ. Մ.-ը, իսկ Գյումրի քաղաքի ԲԿ` 1998 թ. ծնված Գ. Մ.-ը, 1996 թ. ծնված Է. Մ.-ը, 1958 թ. ծնված Ց. Զ.-ը, 1997 թ. ծնված Մ. Մ.-ը և 1991 թ. ծնված Լ. Հ.-ը. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























