Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա կալանավորված Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի գործով դատաքննությունը: Զավեն Միրիջանյանը իրեն առաջադրված ՔՕ 149-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով` հանրորեն վտանգավոր արարք մեղադրանքը ընդունեց եւ միջնորդեց, որ դատարանն արագացված կարգով դատավարությունը կատարի, դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը բավարարեց: Մեղադրող դատախազը ամբաստանյալ Զավեն Միրիջանյանի համար պահանջեց 3 տարի՝ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանել փորձաշրջան երկու տարի ժամկետով: Սույն գործով դատաքննությունն ավարտվեց եւ սկսվեց վիճաբանությունների փուլը:

Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 15-ին: Մեղադրական եզրակացության համաձայն, Զավեն Միրիջանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի քվեարկությանը նյութապես շահագրգռելով՝ Հայաստանի քաղաքացիների հանրաքվեի իրավունքի եւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:

Նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մեղադրանք առաջադրել Զավեն Միրիջանյանին՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ բավարար հիմքեր: