Ռուսաստանցի զինվորականները  2015-ին երկրորդ սերնդի  «Ռազմիկ» մարտահագուստի   80 հազար լրակազմ են ստացել: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Ցամաքային զորքի հրամանատար Օլեգ Սալյուկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով, սկսվել է զորքին սերիական մատակարարումը: 2015-ին մարտական նոր հանդերձանքով ապահովվել է 80 հազար զինվորական: Ինչպես նշել է Սալյուկովը, Ռուսաստանում արդեն երրորդ սերնդի մարտական հանդերձանք է ստեղծվում, որն իր բնութագրերով գերազանցում է արտասահմանյան համանման հագուստի նորագույն նմուշներին:  «Մենք արդեն սկսել ենք երրորդ սերնդի հանդերձանքի ստեղծման աշխատանքը, որը կգերազանցի արտասահմանյան համանման նմուշները` հաշվի առնելով մինչեւ 2025 թվական դրանց զարգացման կանխատեսումները», - հավելել է Ցամաքային զորքի գլխավոր հրամանատարը:  Նոր հանդերձանքը պիտի բարձրացնի մարտիկի շարժունակությունը էկզոկմախքների օգտագործման եւ հանդերձանքի կրելի մասի զանգվածը մինչեւ  20 կգ իջեցնելու շնորհիվ: