ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, 2015-ի դեկտեմբերի 17-ի գիշերը մահացու վիրավորում  ստացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Գոռ Օհանյանի ինքնահողի օրը վշտից մահացել է նրա 70-ամյա պապը` Ազատ Օհանյանը: NEWS.am-ի հետ զրույցում Փոքր Վեդիի բնակիչներից տիկին Ամալյան նշեց, որ Ազատ Օհանյանի ինքնազգացողությունը ինքնահողի օրը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել: Ազատ Օհանյանին հուղարկավորել են հունվարի 4-ին` գյուղի գերեզմանատանը, Գոռ Օհանյանի կողքին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գոռ Օհանյանն ավարտել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, արդեն 4 տարի է` ծառայում էր: Գոռը ընտանիքի ավագ որդին էր,  ուներ իրենց փոքր քույր եւ եղբայր: Նրա մայրը մանկավարժ է, իսկ հայրը հողագործությամբ է զբաղվում:

Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանն իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է վիրավորում: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին  մահացել է: