Երեւանի Ազատության հրապարակում այսօր` հունվարի 9-ին, սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղարկել պահանջող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կազմակերպել էր քննարկում `տարվա մեկնարկին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ: Ազատության հրապարակում հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց ներկայացվեց վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները:
Մեկ ժամ տեւած քննարկման ընթացքում մասնակիցները որոշեցին ստեղծել խորհուրդ, որը կզբաղվի բոլոր առաջարկների մշակմամբ:
«Նոր Հայաստանի» քննարկման վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Վերջին շրջանում իշխանությունների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ ֆիզիկական հալածանքների նոր ալիք է բարձրացել, որը անարձագանք թողնելը վտանգելու է յուրաքանչյուրիս ապագան։ Ոստիկանական հարձակումը Ամանորի գիշերը, Գեւորգ Սաֆարյանի կալանավորումը, բռնությունը Սյուզի Գեւորգյանի նկատմամբ հետեւանք են մեր լռության»:
Քննարկման նպատակ էր` որոշել դեկտեմբերի 31-ի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր հակազդեցության ձեւերը։




























