Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանահյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել եւս երկու անձ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաեւ Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանը եւ Ա.Պառավյանը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաեւ որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն է գործադրել նրանց, ինչպես նաեւ Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա.Կարապետյանի եւ Ա.Խլղաթյանի նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Ա.Պառավյանը որպես մեղադրյալ է ներգարվվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանահյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակել է վիճաբանության մասնակիցներից Ա.Բաբայանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունվարի 7-ին։
Վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
«Մուսալեռ»-ում տեղի ունեցածի գործով մեղադրյալ կա. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում սպանության մասին

































