Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ նախագահների վերջին հանդիպումը նույնպես զուտ ձեւական բնույթ է կրել: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս մասին հայտարարել է կառավարության նիստում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի հանդեպ իր ձեւական վերաբերմունքի մասին խոստովանությունից հետո, Ալիեւը կրկին մեղադրանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Մասնավորապես, նա եռանախագահներին մեղադրել է այն բանում, որ նրանք ճնշում չեն գործադրում «օկուպացիոն» քաղաքականությունը շարունակող Հայաստանի վրա:
Այնուհետեւ Ալիեւը հերթական անգամ ներկայացրել է միջազգային իրավունքի՝ սեփական միակողմանի մեկնաբանությունները, որը, ըստ նրա, հիմնված է միայն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:




























