Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանը զորացրվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Հոսպիտալի պետի խոսքով՝ Վարազդատը հունվարի 8-ին զորացրվել է:

«Վիճակը նորմալ է, շարունակում է մեզ մոտ բուժում ստանալ»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ Խաչատրյանը դեկտեմբերի 12-ին է տեղափոխվել հոսպիտալ: Մինչեւ այդ զինծառայողը բուժում էր ստանում Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնում, քանի որ նեղ մասնագիտական բուժում ստանալու կարիք ուներ:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւան: