ԼՂՀ ոստիկանությունը հաստատեց, որ Ստեփանակերտում մասամբ այրված վիճակում հայտնաբերվել է դեկտեմբերի 30-ից որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Դավիթ Եսայանի դին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, ձեռնարկված օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում, նշված Ենիկոլոպովի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում տեղակայված ռեստորանից շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում հայտնաբերվել է Դ. Եսայանի դին՝ մասամբ այրված վիճակում:

Տարվում է հետաքննություն:

Ավելի վաղ Եսայանի հարազատներն «Արցախպրես»-ին հայտնել էին, որ տղայի անհետացման հետ կապված վերջին տեղեկությունը եղել է այն, որ նա տնից (Ենիկալոպովի փողոցի 5 տուն) ոչ հեռու բենզալցակայանից մի քանի լիտր բենզին էր գնել: Ըստ երիտասարդի հոր՝ որդին սիրահարված է եղել մի աղջկա, որը սակայն մերժել էր նրան: Այդ հանգամանքն, ըստ հոր տեղեկության, որդին ծանր էր տարել:

Դավիթ Եսայանը տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ եւ հաշվառված էր Ստեփանակերտի հոգեբուժական դիսպանսերում: