Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանը, որի մոտ կոկորդի ուռուցք էր հայտնաբերվել,  Մոսկվայում վիրահատվելուց հետո հունվարի 4-ից Երեւանում սկսել է  ճառագայթային բուժումը: Այս մասին այսօր` հունվարի 11-ին,  NEWS.am-ին ասաց Ադելայի մայրը՝ Սոնա Ազատյանը: Սոնա Ազատյանը նշեց, որ Ադելան ճառագայթային բուժումը պետք է շարունակի մեկ ամիս:

«Արդեն 5-րդ օրն է ստանում ճառագայթային բուժումը, Ադելան իրեն լավ է զգում»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադելա Ազատյանի մոտ հայտնաբերված գոյացության մի մասը  Մոսկվայում վիրահատության միջոցով հեռացվել էր, մյուս մասը Երեւանում ճառագայթային բուժման միջոցով է հեռացվելու:

Նշենք, որ Սոնա Ազատյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ աղջկա վիրահատության գումարը հավաքել օգնել են բարեկամները, համագյուղացիները, բարի անծանոթներն ու մի շարք նախաձեռնություններ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, նրա մոտ հայտնաբերվել է կոկորդի բարորակ գոյացություն: Ադելային Մոսկվայում վիրահատելու գումար հավաքելու համար բացվել էին բանկային հաշվեհամարներ: