Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ հունվարի 11-ին, հանդիպել է նրան: Այս մասին NEWS.am-ին ասաց փասաբանը:
«Առանձին խցում էր, իրեն լավ էր զգում, չէր դժգոհում պայմաններից: Լցված էր պայքարը շարունակելու եռանդով»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Գեւորգ Սաֆարյանն իրեն համարում է քաղաքական բանտարկյալ:
Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանը մի քանի օր հացադուլ էր արել՝ պահանջելով իրեն տեղափոխել առանձին խուց, քանի որ մտավախություն ունի՝ իր նկատմամբ ընդհանուր խցում կարող են բռնություններ լինել:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Նշենք, որ հունվարի 8-ին Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն եւ ՀՀ գլխավոր դատախազություն, որ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ են կիրառվել: ՀՔԾ-ում հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, տուժողների նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























