«Սանիթեք» միջազգային ընկերությունը պնդում է, որ Ամանորի օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով եւ շուրջօրյա ձյան մաքրման աշխատանքներ կատարել:

«Դեկտեմբերի 31-ի գիշերը մեր բոլոր պատասխանատուներն աշխատել են: Մենք աշխատել ենք արտակարգ ռեժիմով, կատարել ենք ձյան մաքրման աշխատանքներ: Ահռելի մեծ աշխատանք ենք կատարել, սակայն արդյունքները տեսանելի դարձան, երբ տեղումները դադարեցին: Թե մայթերը, թե փողոցները մաքրվել են, սակայն ձյան շատ լինելու պատճառով մեր աշխատանքը չերեւաց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար Էլիանորա Շխրդմյանը:

Ինչ վերաբերում է աղբահանությանը, ընկերության ներկայացուցչի խոսքով, խնդիր է առաջացել, քանի որ աղբահանության մեքենաները չեն կարողացել մոտենալ աղբամաններին կամ շենքերին:

«Ձյան պատճառով դեպքեր են եղել, որ աղբահանություն չի կատարվել. անանցանելի է եղել, ուշ ենք գնացել կամ խցանում է եղել: Մեր ընկերության անունից ներողություն եմ խնդրում բնակիչներից ստեղծված անհարմարության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկա երկու օրերի ընթացքում այս խնդիրը կվերացվի:

Նշենք, որ ամբողջ քաղաքը տոնական օրերին լցված էր աղբով, որոշ թաղամասերում աղբակույտեր էին առաջացել:

Նշենք, որ հունվարի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դժգոհությունն է հայտնել ինչպես սանմքարման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված:

«Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամաբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: