Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով տարեսկզբին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է անբավարար՝ նշելով.

«Խիստ դժգոհ եմ հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումից: Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ձեր՝ ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը: Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես զանգեմ ձեզ այդ հարցով: Նման աշխատաոճն անընդունելի է, հետեւություն արեք այդ ամենից: Այդ թվում նաեւ «Ավտոբուս» եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ների տնօրեններին է վերաբերում հորդորս»:

Տարոն Մարգարյանը նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին: