Հայաստանի տնտեսության վատթարագույն ժամանակներն են սկսվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն՝ անդրադառնալով այս տարվանից տնտեսական ակնկալիքներին։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ անցած տարվա ընթացքում արձանագրած առաջընթացը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներն էին։
«Լուրջ առաջընթաց էր եւ ձեռքբերում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները։ Դրանք տվեցին ապագայի լուրջ հնարավորություն։ 100-ամյակը տվեց քաղաքական հնարավորություններ, որոնք ապագայում պետք է դառնան շոշափելի արդյունքներ։ Մասնավորապես մեզ համար երկու կարեւոր երկիր է մնացել, որ Ցեղասպանության ճանաչման ճանապարհին են՝ Գերմանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Կարծում եմ՝ այդ առումով արդեն ապագա իշխանություններն անելիք ունեն։ Դա նոր իշխանության խնդիրն է լինելու, հինը ինչ կարող էր, արել է, հին ասելով՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանի այս վարչախումբը։ Մինչեւ հիմա արվածը ռեալ հիմքեր է ստեղծել ապագայում դարձնելու ռեալ պլատֆորմ, թե մենք ինչ ենք ուզում Թուրքիայից։ Սա նոր իշխանության խնդիրն է, այսպիսին է աշխարհաքաղաքական պրոցեսների տրամաբանությունը»,-ասաց Արամ Կարապետյանը։
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա նրա խոսքով՝ տնտեսական ծանր տարի է լինելու․ «Տնտեսական ծանր տարի է լինելու։ Ներկայիս իշխանությունը, որն առաջնորդվում է յոլա տանելու գաղափարախոսությամբ, չեմ տեսնում, որ կկարողանա ապահովել անգամ մինիմալ զարգացումը։ Իմ տպավորութամբ՝ տարին կլինի առատ սոցիալական տարբեր խնդիրներով»։
Հարցին, թե այս քաղաքական-տնտեսական իրավիճակում ինչ անելիք ունի ընդդիմությունը, նա պատասխանեց․ «Չեմ կարծում, որ իշխանափոխությամբ է իրավիճակ փոխվելու։ Տնտեսության հետ կապված գործընթացները բերում են կարեւոր փոփոխությունների։ Տնտեսական վիճակի վատթարացումը իր հետ բերում է քաղաքական որոշակի փոփոխությունների նախերգանք։ Հայաստանում մարդիկ կան՝ մտածում են դա կլինի հեղափոխության, ոմանք՝ սոցիալական բունտերի ձեւով, բայց ես մտածում եմ` այդ համակարգն այնպես կարող է փլվել ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում, որ նույնիսկ հեղափոխության կարիք էլ չլինի։ Այդ ժամանակ պետք է մարդկանց մի խումբ լինի, ինչպես 91 թվականին, որ շատ արագ կկարողանա ապահովել երկրի կենսակերպը՝ եւ բանակային, եւ մյուս ոլորտների։ Ես՝ որպես ընդդիմություն, գիտեմ՝ ինչ է լինելու, ես պիտի սպասեմ ընթացքին, երբ որ կգա այնպիսի պահ, որ կկարողանամ իմ ծրագրերը իրագործել։ Ես հիմա ոչ մի լծակ չունեմ, հետեւել է պետք տնտեսությանը, Հայաստանի տնտեսության վատթարագույն ժամանակներն են սկսում»։
Ըստ Արամ Կարապետյանի՝ ներկյաիս տնտեսական վիճակի 70 տոկոսը օբյեկտիվ պատճառներով է, իսկ 30-ը՝ սուբյեկտիվ։
«Իմ ունեցած տնտեսական ցուցանիշները ինձ թույլ են տալիս Հայաստանի խնդիրները 70 տոկոսով պայմանավորել օբյեկտիվ պատճառներով՝ ճանապարհներ չունենալուն, ՀՀ-ի ներսում համապատասխան ինֆրաստրուկտուրայի իսպառ ոչնչացմանը եւ 30 տոկոսով սուբյեկտիվ գործոններով։ Օրինակ, 50 տոկոսով բիզնեսը կիսելը, վատ կառավարումը, օլիգոպոլիաները, հովանավորչությունը եւ այլն։ 30 տոկոսը հեշտ է լուծել, հենց իշխանությունը փոխվեց, այդ 30 տոկոսի հարցը լուծվելու է»,-ընդգծեց Կարապետյանը:



























