Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալներից մեկը ներկայացել է ոստիկանություն: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ոստիկանություն է ներկայացել մեղադրյալներից Արմեն Պառավյանը: 

Հիշեցնենք, որ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Ա.Բաբայանին, Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանին եւ Ա.Պառավյանին:

Խ.Խաչիկյանը եւ Ա.Պառավյանը, ըստ նախաքննական տվյալների, խմբի կազմում դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ. Խաչատրյանին, Ս. Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաեւ որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն է գործադրել նրանց, ինչպես նաեւ Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա. Կարապետյանի եւ Ա. Խլղաթյանի  նկատմամբ: Ա. Պառավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Խ.Խաչիկյանին՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ նախաքննական մարմնի՝ վիճաբանության ընթացքում իր մոտ եղած հրազենով կրակել է վիճաբանության մասնակիցներից Ա.Բաբայանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունվարի 7-ին։ Նա որպես  մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ վիճաբանության ժամանակ արձակված կրակոցներից սպանվել էր Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը: Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա վիճակը կայուն է: