Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքը խաթարված է եղել միայն հունվարի 1-ի երեկոյան: NEWS.am-ի հետ զրույցում նման պնդում արեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, որն այսօր՝ հունվարի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նկատողություն է ստացել:

«Մի քանի երթուղիներում է առաջացել խնդիրը, 6 անց 30-ից հետո վթարներից խուսափելու համար մի քանի երթուղիների վարորդներ շուտ են ավարտել աշխատանքը, ինչի պատճառով կուտակումներ են առաջացել, բայց տրանսպորտը աշխատել է»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Տրանսպորտի վարչության պետը վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվել, որ հաջորդ օրերին չլինեն նման դեպքերը:

Նշենք, որ քաղաքապետն այսօր անբավարար էր գնահատել տրանսպորտի աշխատանքների կազմակերպումը: Նա ասել էր, որ հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը:

«Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես զանգեմ ձեզ այդ հարցով: Նման աշխատաոճն անընդունելի է, հետեւություն արեք այդ ամենից: Այդ թվում նաեւ «Ավտոբուս» եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ների տնօրեններին է վերաբերում հորդորս»,- ասել էր Տարոն Մարգարյանը: