Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ սեպտեմբերի 27-ի ցերեկը 38-ամյա կնոջ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ կնոջ սպանության մեջ մեղադրվում է նախկին ամուսինը՝ Արտակ Առաքելյանը: Վերջինս խանդի շարժառիթով եւ ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան:
Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասերով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին սահմաններում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 39-ամյա Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 38-ամյա Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Արտակ Ա.-ն դեպքի վայրից բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխվել հիվանդանոց:




























