Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (IСAO) բարձր է գնահատել Հայաստանում թռիչքների տեխնիկական վերահսկողությունն ու սպասարկումը: Այս մասին լրագրողներին հունվարի 12-ին հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսեսյանը:
Աուդիտը անց է կացվել 2015 թ. ամռանը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կազմակերպություններում: Մովսեսյանի խոսքով, եթե ICAO պահանջներին երկրի համապատասխանության մակարդակը աշխարհում միջինը 62.9 տոկոս է կազմում, ապա Հայաստանում այն գնահատվել է 84.2 տոկոս: Սա ավելի բարձր է, քան տարածաշրջանի մյուս երկրներում, ինչպես նաեւ որոշ եվրոպական երկրներում: ICAO-ն դրական է գնահատել նաեւ հայկական կողմի պատրաստվածությունը վթարային- փրկարարական աշխատանքների հարցում:




























