«The Economist» ամսագիրն իր ավանդական «բիգմակի ինդեքսի» հիման վրա սահմանել է ռուսական ռուբլու «արդարացի» փոխարժեքը: Մեթոդի էությունը պարզ է. համեմատվում են տարբեր երկրներում այդ հայտնի բուտերբրոդի գները: Պարբերականի վարկածով Ռուսաստանում ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը պիտի լինի 23 ռուբլուց մի քիչ ավելի: Մեթոդն իհարկե ինքնատիպ է, սակայն չափազանց հեռու է իրերի փաստական վիճակից:
Իրականում ռուբլին անշեղորեն թուլանում է եւ արդեն վաղուց անցել է այդ սահմանը: Այսպես` հունվարի 12-ին Ռուսաստանի Բանկը դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացրել է մինչեւ 75,95 ռուբլի:
Նշենք, որ ռուսական ռուբլու եւ նավթի համաշխարհային գների օրական կարճաժամկետ տատանումների վրա հիմնված «սենսացիոն» լուրերը հաճախ կարող են մոլորության հանգեցնել: Այդ պատճառով երկարաժամկետ միտումներն ի հայտ բերելու համար ցանկալի է դիտարկել ավելի երկար ժամանակահատվածի դինամիկան: Ասենք` մեկ տարվա կտրվածքով:
Սկզբում նշենք, որ Ռուսաստանի դաշնային բյուջեում դրված է նավթի մեկ բարելի համար 50 դոլար գինը: Ռուսական Urals նավթի (արդյունահանվում է Հյուսիսային ծովում) գինն ածանցվում է Brent նավթի գնից եւ վերջինիս զիջում է մոտավորապես մեկ բարելի դիմաց 2 դոլարով (բարելը 159 լիտրից մի քիչ պակաս է):
Արդեն անցյալ տարվա սեպտեմբերին Brent նավթի միջին ամսական գինը այդ նիշից ներքեւ է իջել` կազմելով մեկ բարելի դիմաց 48,5 դոլար: Դրա հետեւանքով Ռուսաստանի բյուջետային ցուցանիշի եւ Urals ապրանքանիշի նավթի իրական գնի միջեւ տարբերությունը նշված ամսում կազմել է մոտավորապես մեկ բարելում 3,5 դոլար: Գնի հետեւողական անկումը (տես 1 գրաֆիկը, որտեղ բերված է Brent ապրանքանիշի նավթի գինը 2015-ի ամիսների համար) ավելի է վատացրել իրավիճակը:
Ռուսաստանի իշխանությունները փորձում են երկու եղանակով մեղմել նավթի էժանացման հետեւանքները: Նախ մեծացնում են արտահանման ծավալը, երկրորդ` առանձնապես չեն զսպում ռուբլու թուլացումը` փաստացիորեն թույլ տալով, որ այն ազատ լողա: Բայց տնտեսության մեջ ամեն «պլյուս» ունի նաեւ իր «մինուսը»:
Նավթի մատակարարումների աճը (եւ ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլեւ մի շարք այլ արտահանողների) համաշխարհային շուկա մեծացնում է դրա առաջարկը եւ դրանով նպաստում է գների հետագա աճին: Այսինքն էֆեկտը ժամանակավոր է: Ռուբլու թուլացումը` թույլ տալով, որ արտահանման (այդ թվում եւ հատկապես նավթի) ամեն դոլար եկամտի դիմաց ավելի շատ ռուսական ռուբլի ստացվի, դրա հետ մեկտեղ մի շարք խնդիրներ է ստեղծում ռուսական տնտեսության համար: Մեջբերենք դրանցից երկուսը:
Նախ` զգալիորեն թանկանում է ինչպես արտադրական միջոցների, այնպես էլ սպառողական ապրանքների ներմուծումը: Դա խոչընդոտում է հնացած ներմուծված սարքավորումների թարմացմանը (այդ թվում նաեւ` նավթագազային ոլորտում), հանգեցնում է արժեզրկման հերթական ալիքների, բնակչության իրական դրամական եկամուտների նվազման: Երկրորդ` արտաքին պարտքերի մարման խնդիրներ են ի հայտ գալիս:
Ներքոբերյալ գրաֆիկներից ակնհայտ է դառնում հակադարձ կապը Brent նավթի (այդտեղից էլ` Urals) նավթի գնի եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի դոլարի պաշտոնական փոխարժեքի միջեւ:
Սմբատ Գրիգորյան






























