Ճանապարհային ոստրիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն այսօր` հունվարի 12-ին, ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Չիլինգարյանի խոսքով` ոչ սթափ վիճակում մեքենան վարելու դեպքում տույժերը խստացվել են` համապատասխանաբար 50 հազար դրամով:

«Օրինակ, եթե անձը հրաժարվում է սթափության վիճակի զննությունից, ապա 150 հազար դրամի փոխարեն կտուգանվի 200 հազար դրամով: Բացի դրանից, մենք անցած տարի դեպքեր ունեցանք, որ վթարի ենթարկվելուց կամ ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից կանգնեցվելուց հետո վարորդն ալկոհոլային խմիչք էր օգտագործել, ապա զննությունից հետո հայտարարել, թե դեպքի պահին ինքը սթափ է եղել: Այս մասով փոփոխություն է արվել եւ սրանից հետո անձը կհամարվի ոչ սթափ վիճակում, եթե օրգանիզմում հայտնաբերվել է համապատասխան չափի ալկոհոլ` անկախ հանգամանքից, թե երբ է օգտագործել ալկոհոլը»,- ասաց Արմեն Չիլինգարյանը:

Վարորդները, որոնք կլինեն առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի, կարող են 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին ներկայացնել համապատասխան փաստաթուղթը եւ կվերացվեն խախտման հատկանիշները:

«Խոսքը բացառապես նրանց է վերաբերում, որոնք ունեն վկայական, սակայն այդ պահին իր մոտ չի եղել: Եթե չի ներկայացնում, տուգանվում է 3 հազար դրամով»,- ասաց նա:

ՃՈ ներկայացուցչի խոսքով` կարեւորագույն փոփոխություն է կատարվել հատկապես տաքսի ծառայությունների վարորդների համար. կանգառի կամ կայանման կանոնների խախտում չի համարվի, եթե կանգառը կատարվել է մինչեւ մեկ րոպե ժամանակահատվածում` ուղեւորի նստելու կամ իջնելու համար:

«Սա չի վերաբերում վարորդների` մեքենայից իջնելուն, բացառապես ուղեւորի նստելուն եւ իջնելուն»,- ասաց Արման Չիլինգարյանը:

Չիլինգարյանը կրկին հորդորեց վարորդներին ազատվել մեքենայի դիմապակու թաղանթից, հակառակ դեպքում կտուգանվեն 30 հազար դրամով:

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթն ուժի մեջ է մտել հունվարի 11-ից: