Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հունվարի 12-ին, H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդությունից մահացած 34-ամյա Լիանա Մարտիրոսյանը երկու տարի առաջ էր Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղից տեղափոխվել Թալին քաղաք, կինն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Եղնիկի գյուղապետ Աշոտ Առաքելյանը:
Գյուղապետը պատմեց, որ Լիանա Մարտիրոսյանը հունվարի 2-ից իրեն վատ է զգացել՝ մտածելով, որ սովորական գրիպ է, բժշկի չի դիմել:
«Հունվարի 2-ից հիվանդ է եղել, բայց չի պառկել, գործ է արել, գիտեք՝ Նոր տարուն հայ կանայք ինչքան են տանջվում, ասել է՝ լավ կլինի, լավ կլինի, հետո վատացել է, էդպես էդ երեխեն միանգամից թռավ ձեռքներիցս»,-ասաց գյուղապետը:
Կինը հունվարի 9-ին տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, երկու ժամ հետո, սակայն, տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Թալինի ԲԿ-ի տնօրենը Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ կինը տառապում էր շաքարային դիաբետով:
Նշենք, որ սա պաշտոնական տվյալներով H1N1 գրիպից մանացության 7-րդ դեպքն է Հայաստանում:
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիանա Մարտիրոսյանի վերջնական ախտորոշումը եւ մահվան հստակ պատճառները ցույց կտան կճշտվեն փորձաքննության արդյունքները:
Միաժամանակ ՀՀ ԱՆ պնդում է, որ հիվանդությունը սկսում է նահանջել եւ ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաեւ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում:




























