Այս տարվա սկզբին հանրապետության տարածքում գրանցված առատ տեղումները եւ ձնաբքի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակները հաշվի առնելով` ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը որոշել է ՀՀ մարզերում ծավալել ժամանակավոր հենակետեր` ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու համար:
Հայաստանի ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հունվարի 13-ին, ժամը 14։30-ին, ՀՀ ՏԿԱԻՆ շարահրապարակում (հասցեն` Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի մասնակցությամբ կկայանա ձնաբքի դեպքում մարդկանց աջակցության ժամանակավոր հենակետի ծավալման փորձարկումը, որի ընթացքում կներկայացվեն տվյալ իրավիճակում քաղաքացիներին օգնություն տրամադրելու միջոցները:
Սահմանված տարածքներում տեղադրվելու են արագ ծավալվող վրաններ, որոնք հագեցած են լինելու մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ եւ տաք սննդով ապահովելու միջոցներով: Վրանը կարող է նաեւ ծառայել որպես տեղում կազմակերպված փոքր շտաբ` արագ արձագանքման ծառայությունների համար:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաեւ վիճակագրություն ձնաբքի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերաբերյալ:




























