Հունվարի 3-ին Հրազդան ԲԿ-ից բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ 50-ամյա Մանուչար Խաչատրյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա դեռեւս միացված է արհեստական շնչառության ապարատին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից:
Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ բոտուլիզմ ախտորոշմամբ Հրազդանի ԲԿ-ից իրենց մոտ տեղափոխված 34-ամյա Լուիզա Հակոբյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Տեղեկացրել էինք, որ հունվարի 4-ին բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 41-ամյա Արմեն Կարապետյանը նույնպես հունվարի 9-ին դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էինք, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը:




























