2016 թվականի հունվարի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատները։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ «Արմավիր» ՔԿՀ-ից հարազատներին հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել, իսկ հարազատները պնդում են, որ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը արժանահավատ չեն համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Անզոր Կարապետյանը եւ ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, եւ որեւէ պատճառ չկար նման քայլի դիմելու համար։
Նաեւ վկայակոչում են դիակի դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքերի եւ ներքին օրգանների վնասվածքների մասին, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը:
2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաեւ Անզոր Կարապետյանը, որից հետո Ա․Կարապետյանը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետեւ 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է եւ գիշերը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:
Փաստորեն, ինչպես պարզ է դառնում վերը նշվածից, Անզոր Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ է անցկացրել եւ թե ինչ հանգամանքներ կարող էին նրան դրդել ինքնասպանության, մնում է անհասկանալի։
Այնուամենայնիվ, համադրելով վկայակոչված փաստերը եւ Ա. Կարապետյանի հարազատների պատմածը, Ա. Կարապետյանի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալը, քրեակատարողական հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը եւ դիահերձման ընթացքում ի հայտ եկած մարմնական վնասվածքները, Ա. Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելը առավել քան արժանահավատ չէ: Դիմումատուները հայտնել են, որ Անզոր Կարապետյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն՝ հայցելով Կազմակերպության օգնությունը այդ հարցում: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանության եւս երկու դեպք է տեղի ունենցել՝ 2015թ․ դեկտեմբերի 19-ին դատապարտյալներից մեկին կախված էին գտել, իսկ 2016թ․ հունվարի 6-ին Արմավիր ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել էր դատապարտյալ Արմեն Փարսադանյանի դին: Եթե այս երկու դեպքերի մասին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կողմից տարածվել էր պաշտոնական հաղորդագրություն, ապա Ա․Կարապետյանի մահվան մասին որեւէ տեղեկություն չի տարածվել։ Այս հանգամանքը եւս մեծացնում է Ա․Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելու վերաբերյալ վարկածի ոչ արժանահավատ լինելու հավանականությունը: Եվս մեկ կարեւոր հանգամանք. Ա. Կարապետյանը ՔԿՀ տեղափոխվելուց հետո գտնվել է այն նույն խցում, որտեղ տեղի է ունեցել ինքնասպանության վերոնշյալ դեպքերից մեկը։




























