«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի՝ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոցի» հեղինակ ճարտարապետներից մեկի՝ Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։

1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ  միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։

2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձեւ, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձեւափոխությունների վերականգնել եւ պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային  մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղեւորային համալիրը։

Ի պատասխան այս բանաձեւի` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որով հավաստիացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության եւ ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո:

2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը եւ այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։ Իսկ 2015թ․ հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը եւ ապահովել դրա պահպանումը ապագա սերունդների համար:

Նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության եւ միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որեւէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողը ազգի թշնամին է։

Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի եւ Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին։