Ադրբեջանական գերությունից մոտ 2 տարի առաջ վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը շարունակում է բուժում ստանալ Առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:

««Փսորիազ» հիվանդությունն անընդհատ կրկնվում է, այդ պատճառով էլ տղաս տեղափոխվել է Երեւան, որ կարողանա բուժումները ստանալ»,- ասաց տիկին Սվետլանան:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արսեն Խոջոյանի մայրը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել էր Երեւանում բնակարան հատկացնել որդուն, քանի որ պարբերաբար բուժում է ստանում մայրաքաղաքում եւ բնակարանի կարիք ունի: Տիկին Սվետան նամակում գրել էր, որ բազմազավակ ընտանիք են եւ իսկապես բնակարանի կարիք ունեն:

«Նամակս գրելուց հետո ինձ հետ գյուղապետարանից կապվեցին, տան հատակագիծն են ուզել, տարել եմ, դրանից հետո ոչ մի նորություն չունեմ, չգիտեմ՝ տուն կտան, թե չէ»,- ասաց տիկին Սվետան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, նրա մոտ ախտորոշվել է «փսորիազ» հիվանդություն, որն ըստ բժիշկների՝ սթրեսի հետեւանք է:

Արսենը հաշմանդամության 2-րդ կարգ ունի եւ թոշակ է ստանում: