ՕԵԿ խմբակցությունում Ընտրական օրենսգրքի քննարկումները դեռ չեն սկսվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա վստահեցրեց, որ իրենց հետ չեն հանդիպել նաեւ նախագահին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը, որոնք տարեվերջին ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ հանդիպել են:
«Մեր խմբակցությունում դեռ քննարկումները չեն սկսվել, բայց մենք լրջագույն մասնակցություն ենք ունենալու, որովհետեւ համամասնական ընտրակարգի հետ կապված շատ բան կախված է դրանից: Շատ քննարկվող ռեյտինգային տարբերակը ավելի շատ ներկուսակցական հարց է, քանի որ մրցակցություն է ստեղծվում թեկնածուների միջեւ, թե ում կբերեն խորհրդարան»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե այդ մրցակցության արդյունքում մտահոգություն չունե՞ն, որ պատգամավորները կաշխատեն այնպես, ինչպես մեծամասնական ընտրակարգի դեպքում, յուրաքանչյուրը կփորձի ձայներ կորզել այն մեխանիզմով, ինչպես որ եթե առաջադրվեր այդ ընտրատարածքում, Բիշարյանն արձագանքեց. «Չեմ բացառում, որ այդպես էլ կլինի, բայց երբ վերջնական փաստաթղթի վրա ձեւավորվի, թե ինչ են առաջարկում, այդ ժամանակ ավելի պարզ կլինի: Գուցե հիմա դա է, բայց որոշակի փոփոխություններ կարող են լինել: Հիմա չեմ ուզում դրա մասին խոսել: Մենք ունենք արված աշխատանքներ, բայց հրապարակման ենթակա չէ դեռ: Պետք է դրանք բերենք քրիստոնեական տեսքի, որ հասկանանք` ինչ է առաջարկվում: Առայժմ հրապարակելը ճիշտ չէ»,-ասաց Հեղինե Բիշարյանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հանդիպումներին, Բիշարյանն ասաց, որ նրանք սահմանադրական փոփոխությունների հարցում ներդաշնակ են եղել եւ այդ տրամաբանության շրջանակում են իրենց հետ արդեն հանդիպումներ եղել:




























