Երեւանի «Մարգարյան» հիվանդանոցում կատարված վիրահատությունից 14 օր անց «Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 1-ին մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի գործով հարցաքննվել է դատաբժիշկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանը:
«Մեր միջնորդությամբ է հարցաքննվել դատաբժիշկը: Այս պահին մանրամասներ չեմ կարող հրապարակել, սակայն մի բան հստակ է. դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ առկա է անորոշություն, իսկ հարցաքննության ժամանակ մեր հարցի պատասխանն այդպես էլ հստակ չստացանք»,- ասաց փաստաբանը:
Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով: Արդեն նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, սակայն օրը դեռեւս հայտնի չէ:
Ավելի վաղ 3 երեխայի մայր Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:
«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ»,- ասել էին նրա հարազատները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























