Երեւանի քաղաքապետարանը հունվարի 31-ին չի արգելել տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, ինչի փորձի ժամանակ ակտիվիստների ու ոստիկանների միջեւ միջադեպ էր ծագել, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել, այնուետեւ կալանավորվել էր: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Ակցիայի կազմակերպիչները դիմել են քաղաքապետարան, ոչ թե արգելել է, այլ ասել՝ հանրահավաքի  հետ կապ չունի, չենք քննարակում: Իսկ ինչը որ չի ագելվում օրենքով, թույլատրվում է: Որտեղի՞ց են գտել ոստիկանները, որ չի կարելի տոնածառ բերել հրապարակ, կամ եղեւնու հագուստով մարդը մուտք գործի, անհասկանալի է»,- ասաց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի գործողությունները ուղղված են եղել սադրանք հրահրելուն:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ինքն այսօր դիմելու է գլխավոր դատախազին՝ Գեւորգ Սաֆարայնի նմատմամբ խափանման միջոցը փոխելու համար, իսկ մերժման դեպքում կդիմի ՄԻԵԴ՝ առանց Հայաստանի դատական ատյանները անցնելու:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: