Հայաստանի ազգային արխիվը Ռուսաստանի պետական արխիվի հետ համատեղ կհրապարակի «Կովկասյան ճակատը 1914-1918թթ.» ժողովածուն, որը նյութեր է պարունակելու նաեւ Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ Ազգային արխիվը ավանդաբար շարունակում է համագործակցել այն երկրների հետ, որտեղ Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին շատ նյութեր կան. առաջին հերթին՝ Վրաստանը, Ռուսաստանը եւ Իրանը։ «Ֆրանսիայի հետ մենք իրականացնում ենք դեռեւս անցյալ տարի մեկնարկած ծրագիրը, որը շարունակվելու է մինչեւ 2018թ.։ Ծրագիրը նվիրված է հայ-ֆրանսիական հարաբերություններին, Առաջին համաշխարհային պատերազմում ֆրանսիական բանակի կազմում հայերի մասնակցությանը եւ դեպի Ֆրանսիա հայերի գաղթին»,- նշել է Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, որ իրենք համագործակցում են Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Սերբիայի եւ Լեհաստանի արխիվների հետ։




























