Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ այնպես խոսել իշխանափոխության մասին, որ զանգվածների վստահությանն արժանանա: Այդ մասին հունվարի 13-ին խորհրդարանում լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, ոչ մի համախմբված քաղաքական պայքար չի լինի, չի լինի նաեւ թեժ գարուն, ամառ կամ ձմեռ: «Խորհրդարանից դուրս ոչ մի քաղաքական ակտիվություն չեմ տեսնում: Իշխանության մեջ եւս հազիվ թե դաշինքներ կազմվեն: Այս բարդ իրավիճակում քաղաքական կուսակցությունները չեն ցանկանում առաջիկա ընտրությունների (2017-ի խորհրդարանական) նախօրեին իշխող կուսակցության հետ կիսել պատասխանատվությունը», - ասել է նա:
Այնուամենայնիվ, պատգամավորի կարծիքով դա չի նշանակում, թե ընդդիմությունը պիտի հույսը դնի միայն ամբոխավարության վրա: Անհրաժեշտ է աշխատել իշխանությունների հետ, պնդել ինչ-որ բան: «Օրինակ` ես միշտ այդպես եմ անում, նախագծեր եմ ներկայացնում, հարցեր ենք քննարկում: Բոլոր քաղաքական ուժերի համար շատ կարեւոր է նախապատրաստվել նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներին: Խորհրդարանական ուժերը պիտի հասկանան, թե ինչ դիրքորոշում որդեգրեն էլեկտրոնային քվեարկության, ընտրական հանձնաժողովների ձեւավորման, վարկանիշային քվեարկության, ինչպես նաեւ իշխանության դաշինքի ձեւավորման սկզբունքների վերաբերյալ», - ամփոփել է Մելքումյանը:




























