Սալմա քաղաքի ազատագրումը Լաթաքիայի նահանգը ահաբեկչական խմբավորումներից մաքրելու ճանապարհին կարեւոր փուլ է։ Այս մասին ասված է Սիրիայի Արաբական Հանրապետության Զինված ուժերի բանակի Գերագույն հրամանատարության հայտարարության մեջ, փոխանցում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
«Բանակային ստորաբաժանումները ժողովրդական աշխարհազորային ջոկատների աջակցությամբ Լաթաքիայի նահանգի հյուսիսում իրենց վերահսկողությունն են հաստատել Սալմա քաղաքի նկատմամբ։ Նախքան այդ բանակն արդեն մաքրել էր Քարմ ալ Կալա, Ռուվեյսաթ ալ Կալա, Շիշ ալ Կադի, Դահր Ալ Ազրա, Ռուվեյսաթ աթ Թույուր, Ջաբալ Քարաքֆի շրջանները։ Զինծառայողները ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, մյուսները փախել են թուրքական տարածքների ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։




























